ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մոսկվայում, և ոչ միայն, մթնոլորտը հագեցած է հականերգաղթական տրամադրություններով»

«Մոսկվայում, և ոչ միայն, մթնոլորտը հագեցած է  հականերգաղթական տրամադրություններով»
12.11.2013 | 00:36

Բիրյուլյովյան իրադարձությունները, անշուշտ, իրենց արձագանքը կգտնեն Ռուսաստանի ներքաղաքական կյանքում, մասնավորապես ներգաղթի կարգավորման գործում։ Ի՞նչ տեղի ունեցավ, և ինչի՞ կարող է հանգեցնել այդ ամենը. այս հարցերի շուրջ է «Իրատես de facto»-ի զրույցը մոսկվացի լրագրող ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ։

-Պարոն Հայրապետյան, ամեն սպանություն չէ, որքան էլ ցանկացած սպանություն ողբերգություն է, որ նման հասարակական հնչողություն է ստանում։ Սադրա՞նք էր սա։
-Բուն սպանությունը չէր կարող սադրանք լինել, իսկ այդ տգետ ու անհաս ադրբեջանցին` նման մասշտաբային գործողության գործիք։ Սակայն իր անասնական ամբիցիաների «մղումով» Զեյնալովի կատարած դանակահարությունը զուտ պատահականություն էր։ ՈՒրիշ հարց է, որ հասարակությունը սպասում էր նման մի միջադեպի։ Մոսկվայում, և ոչ միայն, մթնոլորտը հագեցած է հականերգաղթական տրամադրություններով, ու հանկարծ, ահա, «այդ լկտի ու ագրեսիվ կովկասցիները ¥կամ միջինասիացիները¤ սպանում են մեր անմեղ ռուս երիտասարդին ¥իմա` տեղացուն¤»։ Եթե չսեթևեթենք` ռուսների վերաբերմունքը ներգաղթյալների նկատմամբ կարելի է որակել անհամակրություն, արհամարհանք, զզվանք, ատելություն և նմանատիպ այլ արտահայտություններով։ Ազերու անմիտ ոճրագործությունը սոսկ առիթ էր կուտակված դժգոհության ժայթքման համար։
-Բայց արդյո՞ք միայն ներգաղթյալներն են մեղավոր։
-Դուք վերջին անգամ ե՞րբ եք եղել կոնկրետ Մոսկվայում։
-Վաղուց չեմ եղել։
-Դե, ուրեմն, պատկերացրեք. ուր ոտք եք դնում` փողոց, շուկա, խանութ, ռեստորան, շինհրապարակ, ամենուր ներգաղթյալներ են, գերազանցապես` ապօրինի, գերազանցապես` ցածրորակ, հիմա արդեն գերազանցապես միջինասիացի։ Թող ռասիստական չհնչի (ինքս էլ շիկահեր չեմ), բայց այդ մահմեդական խառնամբոխի թողած արտաքին տպավորությունն անգամ տհաճություն է առաջացնում։ Քիչ է, որ սրանք որպես էժան աշխատուժ գրավում են տեղացիների աշխատատեղերը (1000 դոլարի աշխատանքը պատրաստ են կատարելու եռապատիկ էժան), ոչ մի հարկ չեն մուծում և այլն, դեռ մի բան էլ հանցագործությունների հիմնական դերակատարներ են` է՛լ գողություն, էլ բռնաբարություն, է՛լ սպանություն, թմրամիջոցներ...
-Այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանի իշխանությունները չեն կանգնեցնում անօրինական ներգաղթը։
-Դուք շոշափում եք բիրյուլյովյան միջադեպի մյուս կարևոր կողմը. ռուսների և հատկապես նացիոնալիստների ընդվզումը, ծայր առած անկարգություններն ուղղված էին ոչ միայն, գուցե և ոչ այնքան ներգաղթյալների դեմ, որքան տեղական (և ոչ միայն) իշխանությունների։ Բիրյուլյովոն Ռուսաստանը համակած կոռուպցիայի ցայտուն դրսևորումներից էր։ Պատկերացրեք, «նյութական բարեկեցության» ի՜նչ հնարավորություններ են ստեղծվում ամենատարբեր մակարդակի չինովնիկական խավի համար, երբ դու ամենայնս շահագործում ես հսկայածավալ մի աշխատուժ, նրա համար բացարձակապես չկրելով ոչ մի իրավական կամ սոցիալական պատասխանատվություն։
-Ես այսպես եմ հասկանում. Բիրյուլյովոն վաղ թե ուշ պիտի տեղի ունենար, և կարելի է խոսել երևույթի կազմակերպական բաղկացուցչի մասին։
-Բիրյուլյովոյին նախորդեցին Մանեժը, Կոնդոպոգան, Պուգաչովը, որոնք ևս առնչված էին ազգամիջյան խրթին հարաբերություններին, բայց դրանք «համազգային» արձագանք չունեցան։ Սակայն վերջին իրադարձությունների առանձնահատկությունն այն է, որ Մոսկվայի աչքաթող արված ծայրամասային թաղամասում պարադոքսալ իրավիճակ էր առաջացել. տեղացիները, փաստորեն, զրկված էին այստեղ եղած հսկա բազաներում ու առևտրակենտրոններում աշխատելու իրավունքից, ներգաղթածների պատճառով թաղամասը խիստ քրեականացված էր։ Այսինքն Զեյնալովի հանցագործությունը կարող էր մի օր շուտ լինել կամ մի օր ուշ, դա պետք է լիներ։ Քաղաքական-սոցիալական պայթուցիչը «լարված էր», մնում էր միայն գործի դնել։ Մոսկովյան հրապարակումներից մեկում հավաստվում էր, որ քաղաքում կան ձեռնամարտի մասնագետներ` յուրօրինակ «գրոհայիններ», որոնք համապատասխան վճարի դիմաց կարող են անկարգություններ հրահրել։ Սրանց ներկայացուցիչները նկատվել են նաև Բիրյուլյովոյում։ Հասկանում եք, մեկ օրում չեն ծնվում քաղաքական-տնտեսական ազդեցիկ ուժերի, ներկորպորատիվային շահերի բախումներ, չեն դրսևորվում սեփականության վերաբաշխման նկրտումներ։ Բիրյուլյովոյի հենց միայն մրգաբանջարեղենային բազան (արդեն փակված) հսկայական տարածքներ է գրավում, որ արդեն տասնյակ միլիոնների արժեք ունի։ Օբյեկտը բավարարում էր քաղաքի պահանջարկի 10 տոկոսը, որ նույնպես մեծ եկամուտներ էր բերում։ Բազան տնօրինում էին դաղստանցիները, այնտեղ աշխատում էին հազարավոր իրավազուրկ միջինասիացիներ։ Ռուսներին միայն կողմնակի հայեցողի դեր էր թողնված։ Այնպես որ, նախապես ծրագրված լինելու վարկածը ևս գոյության իրավունք ունի։
-Իսկ որևէ ձևով հիշատակվե՞ց արտաքին միջամտության հանգամանքը։
-Անմիջական միջամտության` ոչ։ Սակայն որոշակի իմաստով մտահոգություններ արտահայտվեցին առ այն, որ միջադեպի արձագանքները կարող են դրսից օգտագործվել ընդդեմ Մաքսային միության, բարդացնել Ռուսաստանի հարաբերությունները միջինասիական պետությունների հետ։
-Իսկ ի՞նչ չափով է, Ձեր կարծիքով, վտանգված Ռուսաստանի, Մոսկվայի հայությունը։
-Նույն չափով, ինչ մյուս բոլոր կովկասցիները։ Գիտեք, ներկայումս Ռուսաստանում ամենաայլանդակը հյուսիսկովկասցիների վարքագիծն է, որոնք նաև Ռուսաստանի քաղաքացիներ են։ Սրանք պարզապես իրենց վայրենի լեռնական նիստուկացը լկտիաբար պարտադրում են ռուսներին, օգտվելով նաև հենց ռուսաստանցի լինելու հանգամանքից։ Մենք` հայերս, նույնպես հրեշտակներ չենք, և անցանկալիության առումով նույն հակակովկասյան ջրերում ենք գտնվում։
Առհասարակ, երբ Հայաստանում խոսք է բացվում ռուսահայերի անվտանգության մասին, մտածում եմ. իսկ ի՞նչ է մեր երկրում արվում արտագաղթը դադարեցնելու ուղղությամբ։ Չէ՞ որ այսօր Ռուսաստանի հայության մեծ մասն արդեն նախկին հայաստանցի է։ Երբ վերջերս Մոսկվայում շուքով բացվում էր հայկական նորակառույց եկեղեցական հոյակերտ համալիրը, արարողությանը մասնակից «հայ հավատացյալ հոտի» մեջ օրինականորեն տեղաբնակ հայերը շատ փոքր թիվ էին։ Այնինչ հոծ բազմություն էր հավաքված։ Արտագաղթն է պետք կանգնեցնել։
-Ավելի ճիշտ, մարդկանց համար ապահովել արտագաղթի մտքի չհանգելու պայմաններ։


Զրույցը`
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 14708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ